«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանն առողջական լուրջ խնդիրներ ունի: Նա հաճախակի սրտի տագնապ է ունենում, ինչպես նաեւ սուր գլխացավեր ճակատի հատվածում: Բացի այդ, նա ոտքի հետ կապված խնդիրներ ունի. սրունքի տակ ոսկոր է աճում, ինչի հետեւանքով ոտքը անաշխատունակ է դարձել: Նրան հետազոտած բժիշկները նշել են, որ աճող ոսկորը պետք է անհապաղ հեռացվի լազերային վիրահատության միջոցով: Անցյալ շաբաթվա վերջին Միքայելյանին տարել են «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ հետազոտել են միայն քաղբանտարկյալի գլխի հատվածը: Հայ ազգային կոնգրեսի իրավական ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում նշեց, որ հետազոտության պատասխանն, ըստ ամենայնի, կստացվի այսօր:Նկատենք, որ քաղբանտարկյալը մինչ հետազոտությունը հայտարարել էր, որ եթե մինչեւ երեքշաբթի՝ այսօր, իրեն չտանեն բուժզննման, ապա ինքը երեքշաբթի օրվանից հացադուլ կհայտարարի:
Նշենք, որ Սասուն Միքայելյանը անազատության մեջ գտնվելու ընթացքում 3 անգամ վիրահատության է ենթարկվել` մի անգամ գլխի շրջանում, 2 անգամ` սրտի:
Հիշեցնենք, որ Միքայելյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:





























