Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը, առաջին անգամ հաղթելով US Open-ում, դարձավ յոթերորդ թենիսիստը, ում երբեւէ հաջողվել է նվաճել «Կարիերային սաղավարտը»: Այն տրվում է կարիերայի ընթացքում «Մեծ Սաղավարտի» բոլոր մրցաշարերում հաղթելու համար: «Մեծ սաղավարտն» ստանում է մեկ մրցաշրջանի ընթացքում բոլոր չորս մրցաշարերում` Ավստրալիայի բաց առաջնությունում, Ռոլան Գարոսում, Ուիմբլդոնում եւ ԱՄՆ բաց առաջնությունում հաղթած թենիսիստին:

Նյու Յորքում տարած հաղթանակի շնորհիվ Նադալն այս տարի հեթ-տրիկ ձեւակերպեց` հաղթելով Ռոլան Գարոսում, Ուիմբլդոնում եւ US Open-ում: Իսպանացին կրկնեց լեգենդար ավստրալացի Ռոդ Լեյվերի 41 տարվա վաղեմության նվաճումը: Լեյվերը 1969-ին նվաճեց «Մեծ սաղավարտը»` մեկ մրցաշրջանի ըթնացքում հաղթելով Grand Slam-ի չորս մրցաշարերում:

Նադալից առաջ «Կարիերային սաղավարտին» տիրացել են միայն Ֆրեդ Փերին, Դոնալդ Բաջը, Ռոդ Լեյվերը, Ռոյ Էմերսոնը, Անդրե Աղասին եւ Ռոջեր Ֆեդերերը:

US Open-2010-ում տարած հաղթանակի համար Նադալը ստացել է 1 միլիոն 700 հազար դոլար: