Ֆրանսիայի արտաքին գործերի եւ միջազգային զարգացման նախարարին առընթեր Զարգացման եւ Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Աննիկ Ժիրարդենը հունվարի 23-ին Հայաստան կատարած այցի շրջանակում այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր:
Նա ծաղիկներ խոնարհեց Անմար կրակի մոտ՝ ի հիշատակ 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի: Ֆրանսիացի պաշտոնյան այցելեց նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, գրառում կատարեց Հուշամատյանում:
«Ես այստեղ եմ, որպեսզի եւս մեկ անգամ հաղորդագրություն ուղարկեմ հայ-ֆրանսիական բարեկամության պատմական եւ մշակութային կապերին: Եվ հետո չմոռանանք, որ Հայաստանն ու Ֆրանսիան միավորում է ֆրանսերենը: Բնականաբար, այսպիսի վայր այցելությունից ցնցված եւ հուզված եմ: Եվ մենք այստեղ ենք, որպեսզի ընդգծենք, որ Ֆրանսիան միշտ սատարել է Հայաստանին եւ շարունակելու է մնալ նրա կողքին»,- ընդգծեց Աննիկ Ժիրարդենը:
Նրա խոսքով, այսօր մենք ականատես ենք լինում նույնպիսի սարսափելի հանցագործությունների: «Եվ, բնականաբար, յուրաքանչյուրիս պարտքն է՝ փորձել կանխել այդպիսի հանցավոր գործողությունները»,- ամփոփեց ֆրանսիացի պաշտոնյան:




























