Հայաստանի վրա զգալիորեն ազդել է Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատացումը եւ համաշխարհային հումքային գների անկումը:

Fitch վարկանիշային գործակալությունը հաստատել է օտարերկրյա եւ ազգային տարադրամով  Հայաստանի երկարաժամկետ ինքնիշխան վարկանիշը  (IDR)   ‘B+’ մակարդակում` կայուն կանխատեսմամբ: Այդ մասին ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Հաստատվել են նաեւ մնացած վարկանիշները. օտար արժույթով առաջնային չապահովված փոխառությունները`  'B+' մակարդակում, երկրային առաստաղի վարկանիշը` 'BB-', իսկ օտար արժույթում կարճաժամկետ  IDR-ինը` 'B': 2016-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը ակնկալվում է 2 տոկոսի մակարդակում, իսկ 2017-ին` 2,8-ի:

Հայաստանի վարկանիշը պայմանավորված է նրա համեմատաբար բարձր մարդկային զարգացմամբ եւ բարենպաստ բիզնես միջավայրով, ինչպես նաեւ տնտեսական դիմադրողականությամբ: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է առաջվա նման հաշվի առնել արտաքին տնտեսական ռիսկերը, արտաքին պարտքի բարձր մակարդակը, ինչպես նաեւ քաղաքական ռիսկերը: 

Հայաստանի վրա զգալիորեն ազդել է Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատացումը եւ համաշխարհային հումքային գների անկումը: 

Այսպես, 2014-ին Ռուսաստանին էր բաժին ընկնում դրամական փոխանցումների  80 տոկոսը (ՀՆԱ-ի 14 տոկոսը), արտահանման 20 տոկոսը եւ արտաքին ներդրումների   44 տոկոսը: 2015-ի հունվար-սեպտեմբերին տրանսֆերտները կրճատվեցին   33 տոկոսով (ՀՆԱ-ի 4,5 տոկոսը):

Արտահանման 22 տոկոսը բաժին էր ընկնում պղնձին, մինչդեռ  2015-ի դեկտեմբերին,  12 ամսվա կտրվածքով, դրա գները նվազեցին 28 տոկոսով: 

Այնուամենայնիվ, Հայաստանը դիմադրողականություն ցուցաբերեց նման ցնցումների հանդեպ` պահպանելով առեւտրի ցուցանիշները եւ օտարերկրյա ֆինանսավորման մատչելիությունը, այդ թվում նաեւ` արդյունավետ ֆինանսա-տնտեսական քաղաքականության շնորհիվ:  Բայց նավթի գների եւ ռուբլու վերաբերյալ անորոշ սպասումների լույսի ներքո դեռեւս վաղ է խոսել արտաքին ցնցումները հաղթահարած լինելու մասին:  

Fitch-ը նշում է, որ հենց արտաքին վարկերն են օգնել դիմանալ տրանսֆերտների նվազմանը: Գործակալության գնահատականով, 2015-ին Հայաստանի ընթացիկ հաշվի սղաճը  7,3 տոկոսից հասել է 4,3 տոկոսի: Ինչ վերաբերում է արտարժույթի պահուստներին, եթե 2015-ի փետրվարին դրանք 1 261 մլն էին կազմում, ապա դեկտեմբերին արդեն կազմում էին 1 771 մլն: Դրան օգնել է մարտին  500 մլն եվրոյի եվրոփոխառությունների թողարկումը, ինչպես նաեւ Եվրասիական կայունացման հիմնադրամի 100 մլն դոլարի վարկը եւ ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի  վարկային միջոցները: 

Պետական պարտքը 2015-ին աճել է 43,6 տոկոսից հասնելով 47,8 տոկոսի, ինչն ավելի ցածր է, քան 'B' կարգին բնորոշ միջինը 52 տոկոսը:

Հայաստանի պետական պարտքի մոտ 85 տոկոսն արտահայտված է օտարերկրյա արժույթով, ինչը փոխարժեքների հետ կապված ռիսկ է ստեղծում: Բայց պարտավորությունների միջին ժամկետը մեծ է`   9,7 տարի, իսկ վարկատուների մեծամասնությունը ներգրավվել է արտոնյալ պայմաններով: 

Այսպիսով, Հայաստանի վրա կարող է դրականորեն ազդել ռուսական տնտեսության վերականգնումը եւ կառավարական պարտքի մակարդակի նվազումը: Բացասաբար կարող է ազդել Ռուսաստանում իրավիճակի վատացումը, արտաքին պահուստների եւ հարկային հոսքերի կրճատումը: