Գերմանիան 14 մլն եվրոյով կմեծացնի միգրացիոն ճգնաժամի շրջանակներում Թուրքիային հատկացվող օգնության չափը: Այս մասին Bild am Sonntag-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարար Գերդ Մյուլերը:

«Մենք Թուրքիային հատկացվող օգնությունը 36 մլն եվրոյից կհասցնենք մինչեւ 50 մլն եվրոյի»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ գումարը ծառայելու է կրթական հաստատությունների եւ ենթակառուցվածքների շինարարության եւ մոդերնիզացման համար: Գերմանիան բազմիցս նշել է, որ Թուրքիային միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի առանցքային խաղացող է համարում, քանի որ այդ երկրի տարածքով են Եվրոպա մտնում փախստականները:

Բրյուսելը մտադիր է Թուրքիային 3 մլրդ եվրո հատկացնել փախստականներին տեղակայելու համար այն պայմանով, որ Անկարան Եվրոպայի համար այդքան ցանկալի փախստականների զսպման գործողություններ կիրականացնի, փոխանցում է ՏԱՍՍ-ը: