ԱՄՆ արեւելյան հատվածներում տեղացած առատ ձյան պատճառով 28 մարդ է զոհվել, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով ABC News-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր 19 զոհի մասին։ Մարդիկ հիմնականում մահացել են ավտովթարների, շմոլ գազից թունավորվելու եւ սրտի կաթվածի հետեւանքով։

Մասնավորապես սրտի նոպայից մահացել է Կապիտոլիումի ոստիկանության 44-ամյա աշխատակիցը, որը կաթված է ստացել Դենվերում իր տան դիմաց կուտակված ձյունը մաքրելիս։ Նույն պատճառով Մերիլենդի նահանգում մահացել է եւս 2, Նյու Յորքում՝ երեք եւ Վիրջինիայում՝ մեկ մարդ։

Նյու Ջերսիում կինն ու նրա 3 տարեկան երեխան թունավորվել են շմոլ գազից։ Ընտանիքը մեքենայի մեջ էր եղել, որի խլացուցիչ խողովակը խցանվել էր ձյան պատճառով։

Հարավային Քարոլինայում տարեց զույգը մահացել է սեփական տանը շմոլ գազի թունավորումից։ Տանը կից գտնվող ավտոտնակում միացրած էր մնացել գեներատորը։ Եվս մի քանի մարդ մահացել է ավտովթարների հետեւանքով։