Այսօր Հնդկաստանի հյուսիսում գտնվող ճանապարհին ուժեղ մառախուղի հետեւանքով իրար է բախվել առնվազն 50 մեքենա: Ավտովթարից մեկ մարդ զոհվել է, տուժել է   26 մարդ, տեղեկացնում է ТАСС-ը:

Ավտովթարը տեղի է ունեցել վեցգծանի ճանապարհի վրա, որը Հնդկաստանի մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Մեծ Նոյդա քաղաքից հասնում է մինչեւ Ագրա, որտեղ գտնվում է Թաջ Մահալ հայտնի դամբարանը: 

Իրավապահ մարմինների տվյալներով, խիտ մառախուղի պատճառով տեսանելիությունը գործնականում զրոյական էր: Նախ մարդատար մեքենան բախվել է բեռնատարի, հետո դրանց են սկսել բախվել այլ մեքենաներ: 

Դեպքի վայր են եկել փրկարարներ եւ ճանապարհային ծառայություններ: