Եթե Ադրբեջանը միջազգային որեւէ կառույցում որեւէ փաստաթուղթ է ներկայացնում, եւ դրան Հայաստանը հակաքայլ չի անում, միջազգային հանրությունը ԼՂ կոնֆլիկտի մասին միակողմանի պատկերացում է կազմում: Այս մասին սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա այսօր` սեպտեմբերի 14-ին  ներկայացրեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից մշակված բանաձեւի նախագիծ, առաջարկելով Հայաստանի իշխանությոններին այդ բանաձեւը ներկայացնել ՄԱԿ՝ որպես  Ադրբեջանի կողմից ՄԱԿ ներկայացված բանաձեւերին ուղղված հակաքայլ, որոնցում Հայաստանը ներկայացվում է որպես Ադրբեջանի տարածքները գրաված երկիր: Այդ նախագծում հղումներ է կատարվում միջազգային մի շարք փաստաթղթերի, որոնցից երեւում է, որ Հայաստանը չի գրավել Ադրբեջանի եւ ոչ մի տարածք:  

ՀԱԿ ներկայացրած փաստաթղթում, մասնավորապես, հղում է կատարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքում ստորագրված ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի 1994 թվականի դեպտեմբերի 6-ի վերջնական փաստաթղթին, Ադրբեջանի եւ ԼՂ-ի պաշտոնական ներկայացուցիչների կողմից 1993 թվականի սեպտեմբերի 13-ին Մոսկվայում ստորագրված համատեղ Հռչակագրին, 1994 թվականի մայիսի 5-ի Բիշքեկի արձանագրությանը, 1994 թվականի մայիսի 9-11-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂ-ի կողմից ստորագրված հրադադարի համաձայնագրին:  «Քանի որ Հայսատանի իշխանությունները իրենց ոչ կոմպետենտության հետեւանքով անգործության են մատնվել, մենք ստիպված ենք հուշել նրանց կատարել հետեւյալ քայլը»,-ասաց Զուրաբյանը: Նա նաեւ հավելեց, որ ՀՀ իշխանությունները պետք է որեւէ հնար գտնեն՝ ներկայացված փաստաթուղթը ՄԱԿ-ում շրջանառության մեջ դնելու համար: Իսկ մինչ այդ, ՀԱԿ առաջարկած բանաձեւի նախագիծը էլեկտրոնային փոստով կուղարկվի նաեւ Հայաստանի ԱԳՆ-ին, քանի որ, ինչպես ՀԱԿ համակարգողն ասաց, այդ գերատսչությունում մամուլ չեն ընթերցում եւ լրատվական հոսքին չեն հետեւում: