Հայաստանը եւ Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի անդամներ են, եւ մենք պիտի լուծում գտնենք ղարաբաղյան հակամարտությանը: Այդ մասին հունվարի  25-ին մամուլի ասուլիսին հայտնել է ԵԽԽՎ-ի արդեն նախկին նախագահ Աննա Բրասսյորը կազմակերպության ձմեռային նստաշրջանից առաջ: 

Նրա խոսքով, մարդիկ պիտի խաղաղության եւ համաձայնության մեջ ապրեն:  «Մենք պիտի անենք ամեն հնարավորը այդ հակամարտության կարգավորման համար: Բայց որն է ընդունելի մոտեցումը, ես չեմ կարող ասել:  Եթե իմանայի, խնդիրը կարող էր լուծվել:  Այս հարցի լուծմանն անհրաժեշտ է բազմակողմանի մոտեցում ցուցաբերել», - ասել է Բրասսյորը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը:

Այս հակամարտության հետեւանքով, շարունակել է Բրասսյորը, տուժում են տարածաշրջանում ապրող մարդիկ: «Նրանք Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների քաղաքացիներ են, մենք պիտի պաշտպանենք նրանց», - ընդգծել է ԵԽԽՎ-ի նախկին ղեկավարը: 

Անդրադառնալով ԵԽԽՎ-ի քննարկմանը դրված հակահայկական զեկույցներին, Անն Բրասսյորը նշել է, որ բազմաթիվ պատգամավորներ հանդես են եկել վերոհիշյալ զեկույցների հետ կապված քննարկում չանցկացնելու առաջարկներով: «Վերջնական որոշումն իհարկե պիտի ընդունի վեհաժողովը` անցկացնել քննարկում, թե զեկույցները հետ ուղարկել կոմիտեներ», - հավելել է Անն Բրասսյորը, տեղեկացնում է Panorama.am-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարի 26-ին Ստրասբուրգում  ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի ընթացքում նախատեսված է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի   «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավված տարածքներում» եւ բոսնիացի խորհրդարանական Միլիցա Մարկովիչի  «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչներին դիտավորյալ; զրկում են ջրից» հակահայկական զեկույցների քննարկումը: