Առանց քրդերի, այդ թվում՝ Սիրիայի քրդերի մասնակցության՝ Սիրիայում ճգնաժամի կարգավորման բանակցություններն անարդյունք կլինեն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Լավրովի խոսքով՝ ՄԱԿ հատուկ բանագնաց դե Միստուրան հաստատել է, որ նախօրեին Ժնեւում խոսք է եղել այն մասին, որ բանակցությունների շրջանակը լայն է լինելու։ «Մենք վերջին ժամանակներս առանձին, ես կասեի Սիրիայի աջակցության միջազգային խմբի մեկ անդամի կողմից թերահավատություն ենք նկատում այն հարցում, թե արժի արդյոք բանակցությունների հրավիրել Սիրիայի քրդերին, այսինքն՝ «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը։  Առանց այս մասնակցի,  բանակցությունները չեն տա ցանկալի արդյունքը, այն է՝ վերջնականապես քաղաքական կարգավորում գտնել Սիրիայի համար»,- նշել է Լավրովը։