Եվրամիության՝ մեքենայությունների դեմ պայքարի գերատեսչության (OLAF) ղեկավար, իտալացի դատախազ Ջովանի Քեսսլերն առաջարկել է հրաժարվել 500 եվրո արժողության թղթադրամի գործածումից, հայտնում է Deutsche Welle–ը

Նա կասկածներ է արտահայտել նման անվանական գնով թղթադրամի անհրաժեշտության կապակցությամբ:

Քեսլերի խոսքով, թղթադրամից հրաժարվելու միջոցով հնարավոր կլիներ զգալիորեն բարդացնել խաբեբաների ու կոռուպցիոներների կյանքը: Եվրոպական կենտրոնական բանկը, որը պատասխանատու է եվրոյի թողարկման համար, չի մեկնաբանել չինովնիկի առաջարկը:

2013 թ. մի շարք գերմանացի փորձագետներ նույնպես կոչ էին արել հրաժարվել ամենախոշոր եվրոպական թղթադրամից, վստահեցնելով, որ այն պետք է միայն հանցագործներին, կոռուպցիոներներին ու մեկ էլ նրանց, ովքեր խուսափում են հարկեր վճարելուց: Այն ժամանակ ԵԿԲ-ում հայտնել էին, որ այդ մտահղացումը «անկասկած արժանի է քննարկման»:

2015 թ. վերջին 500 եվրոյանոց թղթադրամները կազմում էին շրջանառության մեջ գտնվող թղթադրամների ընդհանուր քանակի 3 տոկոսը եւ միաժամանակ՝ դրանց համագումար արժեքի 28 տոկոսը:

Ավելի վաղ նաեւ հայտնի էր դարձել, որ 2015թ. Եվրամիությունում ռեկորդային քանակության կեղծ թղթադրամներ էին հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ առգրավվել էր 899 հազար թղթադրամ, ինչը 60 հազարով շատ է 2014 թ. ցուցանիշից: Եվրոթղթադրամներ կեղծելու գործում մասնագիտացող ամբողջ աշխարհի խաբեբաները հիմնականում կեղծում են 20 եվրո անվանական արժեքով թղթադրամները՝ երկրորդ կիսամյակում դրանք կազմել են առգրավված կեղծ թղթադրամների 46.2 տոկոսը: