Գերմանիան մտահոգված է Ղարաբաղի հակամարտության գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին հունվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը՝ ընդգծելով, որ լարվածության թուլացումը պետք է առաջնային խնդիր լինի։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության առաջնայնություններից մեկը տարածաշրջանային կամ այսպես կոչված սառեցված հակամարտությունների լուծումն է։ «Մենք ուզում ենք աշխատել վստահության հաստատման կոնկրետ ուղղությամբ, որի նպատակը լարվածության թուլացումն է։ Մենք վստահ ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտող կողմերի համար միակ ձեւաչափն է։ Գերմանիան աջակցում է ԵՀԱԿ ՄԽ ջանքերին»,- ընդգծել է Քիսլերը։

Դեսպանը նշել է, որ Գերմանիան պաշտպանում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու ԵԱՀԿ նախաձեռնությունը։ «Մենք քաղաքական կամքի կարիք ունենք, ուստի բոլոր կողմերը պետք է զերծ մնան սադրանքներից՝ հանուն վստահության հաստատման»,- եզրափակել է դիվանագետը։