ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նա ողջունել է հյուրին, շնորհավորել նրան՝ մանդատի երկարաձգման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ պարոն Զալբերն իր մանդատի շրջանակներում կանի ամեն հնարավորը տարածաշրջանում հակամարտող կողմերի միջեւ վստահության հաստատման համար, ինչը կնպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:
Սերժ Սարգսյանը կարեւորել է ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում ԵՄ հավասարակշռված դիրքորոշման պահպանումը եւ խնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հանձնառության իրականացումը:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը վստահեցրել է, որ Միությունը շահագրգռված է հիմնախնդրի շուտափույթ ու խաղաղ կարգավորմամբ եւ ցանկանում է իր հնարավորությունների սահմաններում նպաստել հիմնախնդրի լուծմանը՝ աջակցելով այդ հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին, որը միակ համաձայնեցված եւ ընդունելի ձեւաչափն է:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, առկա իրավիճակին եւ գործընթացում առաջընթաց արձանագրելու հնարավորություններին: ՀՀ նախագահը ներկայացրել է հայկական կողմի մոտեցումները: Սերժ Սարգսյանը եւ Հերբերտ Զալբերը մտքեր են փոխանակել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵՄ հնարավոր աջակցության ուղիների վերաբերյալ:
Հանդիպմանը եւս մեկ անգամ երկուստեք ընդգծվել է, որ ԼՂ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի, եւ այն կարող է կարգավորվել միայն հակամարտող կողմերի շահերը բավարարող եւ կողմերի համար ընդունելի փոխզիջումների հիման վրա:





























