Rothschild & Co. ընկերությունը իր գործընկերներին առաջարկել է հաճախորդների ակտիվները ԱՄՆ փոխանցել՝ նրանց հարկերից ազատելու ու հսկիչ մարմիններից թաքցնելու համար, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Bloomberg–ը:

Գործակալության տվյալներով, ընկերության գործադիր տնօրեն Էնդրյու Փեննին անցած տարվա սեպտեմբերին մանրակրկիտ զեկույց էր ներկայացրել այն մասին, թե աշխարհի ամենահարուստ մարդիկ ինչպես կարող են խուսափել հարկերի վճարումից:

Որոշ փորձագետներ արդեն ԱՄՆ-ն «նոր Շվեյցարիա» են կնքել: Տարիներ շարունակ ԱՄՆ-ն քննադատում էր մյուս երկրներին, որոնք հարուստ ամերիկացիներին օգնում էին փողերը թաքցնել օֆշորներում, իսկ հիմա հենց ինքն է վերածվում ունեւոր օտարերկրացիների գաղտնիքների պահապանի: Փեննին ինքը նշել էր, որ ԱՄՆ-ն «փաստորեն դարձել է աշխարհի խոշորագույն հարկային դրախտը»:

Եվ այսպես, ԱՄՆ-ն հրաժարվում է անցնել տեղեկությունների բացահայտման նոր չափորոշիչների՝ ստեղծելով կապիտալի նոր, արագ աճող շուկա, որը ձգում է ամբողջ աշխարհի ամենահարուստ մարդկանց, գրում է Bloomberg-ը: Ամերիկյան հնարավորություններից շտապում են օգտվել թե Լոնդոնի իրավաբանները, թե շվեյցարական թրասթները՝ Բահամյան կամ Վիրջինյան կղզիներից իրենց հաճախորդների հաշիվները փոխանցելով Նեւադա, Վայոմինգ կամ Հարավային Դաքոթա:

«ԱՄՆ-ն, որն այնքան ոգեւորված քննադատում էր շվեյցարական բանկերին, որքան էլ հակասական ու հակաբնական չթվա, հիմա հենց ինքն է վեր է ածվել բանկային գաղտնիքի պահապանի»,- իրավաբանական ամսագրի վերջին համարներից մեկում գրել է Փեթեր Քոթորչեանուն, ցյուրիխյան Anaford փաստաբանական գրասենյակի աշխատակիցը:

Rothschild-ը, որը բազմադարյա պատմություն ունեցող եվրոպական ֆինանսական կառույց է,  թրասթային ընկերություն է բացել Նեւադա նահանգի արեւմուտքում գտնվող Ռինո քաղաքում՝ Harrah's и Eldorado խաղատնից մի քանի թաղամաս այն կողմ: Եվ հիմա բանկային տունը հարուստ օտարերկրացիների գումարները օֆշորներից Նեւադա է փոխանցում, քանի որ ի տարբերություն այդ ամերիկյան նահանգի՝ Բերմունդյան կղզիները պետք է ենթարկվեն՝ հարկադրման նպատակներով տեղեկությունների բացահայտման մասին միջազգային նոր պահանջներին:

Էլիս Ռոքարը, որը ղեկավարում է Հարավային Դաքոթայի Trident ընկերությունը, շատ զարմացած էր, երբ իմացել է, թե ինչ քանակության ունեւոր մարդիկ են շտապում իրենց գումարները Շվեյցարիայից կամ Կայմանյան կղզիներից ԱՄՆ տեղափոխել: Հարավային Դաքոթան ամերիկյան այն նահանգներից է, որն ակտիվ առաջ է մղում ցածր հարկային դրույքները ու բանկային գաղտնիքը:

Ընդ որում Ռոքարը վստահեցնում է, որ իր հաճախորդները առաջնորդվում են ոչ թե հարկերից խուսափելու ցանկությամբ, այլ իրենց ու իրենց հարազատներին առեւանգումներից, դրամաշորթությունից ու շանտաժից պաշտպանելու ձգտումով: «Նրանցից ոչ մեկը չի ասում. «Ես ուզում եմ խուսափել հարկերից»: Այդ մարդիկ իրավամբ անհանգստանում են իրենց առողջության ու բարեկեցության համար»,- ասում է նա:

Չնայած կապիտալի արտահոսքին՝ մոտակա տարիներին օֆշորները ոչ մի տեղ չեն անհետանա: Քալիֆորնիայի նահանգի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Գաբրիել Ցուքմանի խոսքով, ով համապատասխան հետազոտություն է արել, շվեյցարական բանկերում մոտավորապես 1.9 տրլն դոլար կա, որոնց մասին այդ հաշիվների տերերը չեն տեղեկացնում իրենց հայրենի երկրների իշխանություններին: