Փորձաքննությունների ազգային բյուրոյի առաջատար փորձագետները շարունակում են մասնակցել Ամերիկյան քրեագիտական կենտրոնների տնօրենների միության (ASCLD) կողմից կազմակերպվող հեռուստակամուրջների շարքին։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Բյուրոյի մամուլի հետ կապերի պատասխանատու Լանա Մշեցյանը:

Առաջին անգամ հայ փորձագետներն առցանց ձեւաչափով սեմինարների մասնակցել են 2014 թվականին: ASCLD-ի գործընկերների հետ համագործակցությամբ սեմինարները շարունակվել են նաեւ 2015-ին: 2016 թվականի հունվարի 14-ից փետրվարի 18-ը դրանք անցկացվում են ամեն շաբաթ, հետեւյալ թեմաներով. ձգաբանություն, թունաբանություն, վերահսկողության ենթակա նյութեր, ՏՏ տեխնոլոգիաներ, քողարկված հետքեր եւ ԴՆԹ: Նշված վեց սեմինարներից երկուսն արդեն կայացել են:

ASCLD-ի հետ բեղմնավոր համագործակցությունը, այդ թվում՝ թեմատիկ վեբինարների միջոցով, 2016 թվականի ընթացքում կշարունակվի:

Հավելենք, որ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը միակն է ԱՊՀ-ում, որն ամերիկյան ASCLD-ի լիիրավ անդամ է: Այստեղ ներկայացված են քրեագիտական եւ դատափորձաքննական առաջատար համակարգերի ղեկավարներ: