Ամերիկյան Քալիֆորնիա նահանգում 5 մարդ է ձերբակալվել՝ կապված Սանտա Անայի բանտից երեք վտանգավոր հանցագործների փախուստի հետաքննության հետ:

Հանցագործներից մեկին՝ Հուսեյն Նայերիին, իր դաժանության համար իշխանությունները համեմատում են «Գառների լռությունը» հայտնի ֆիլմի (The Silence of the Lambs, 1990) պերսոնաժ խելագար Հանիբալ Լեքթերի հետ:

Օրանժ շրջանի շերիֆ Սանդրա Հաթչինսոնը նշել է, որ ձերբակալվածները մեղադրվում են նրանում, որ բանտի տարածքում գաղտնի կերպով գործիքներ են փոխանցել բանտարկյալներին, որոնց օգնությամբ նրանք կարողացել են դուրս պրծնել բանտի տարածքից: Պլանի նախաձեռնողն ու հեղինակը հենց Նայերին է եղել:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Նայերին ծնվել է Իրանում, փախել Ամերիկա, որտեղ զինվորական նախապատրաստություն է անցել ԱՄՆ ծովային հետեւակի Կորպուսում:

37-ամյա Հուսեյն Նայերին 2012 թվականին մասնակցել է թմրադիլերի առեւանգմանը՝ նրան կասկածելով փողերը թաքցնելու մեջ: Նա թմրավաճառին կտտանքների է ենթարկել զոդման լամպով: Նա նաեւ պարտադրել է մեկ այլ կասկածյալի կտրել թմրավաճառի սեռական անդամը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս տարվա հունվարի 22-ին երեք բանտարկյալներ, այդ թվում Նայերին, փախուստի են դիմել հատուկ բանտից: Նրանց հաջողվել է կտրել իրենց խցերի հաստ պողպատե վանդակաճաղերը, մտնել ջրատար խողովակ, իսկ հետո պարանների օգնությամբ իջնել 5 հարկ բարձրությունից:

Բանտի ղեկավարության խոսքով, հաստատության պատմության մեջ սա առաջին նման դեպքն է վերջին 20 տարվա ընթացքում: Ոստիկանությունը որոնում է փախուստի դիմած հանցագործներին: Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն հայտնողին խոստացել են 50 հազար դոլար:

ԱՄՆ-ում բանտից փախել է «երկրորդ Հանիբալ Լեքթերը»