Լալայանց, Տերյան եւ ԵզնիկԿողբացի փողոցների՝ Հյուսիսային պողոտայի հարեւանությամբ գտնվող շենքերի բնակիչները հիմա կանգնած են նման խնդրի առջեւ։ Նրանք իրենց անշարժ գույքի սեփականության իրավունքները պաշտպանելու համար չեն հանում իրենց պատշգամբների վրա փակցված պաստառները, որոնց վրա գրված են՝ «Գերակա շահի անժամկետ պատանդներ», «Այո երեսպատելուն, ոչ քանդելուն», «SOS»: Պաստառների բովանդակությունից հետեւում է, որ բնակիչները պայքարում են իրենց տեղահանման դեմ, եւ ձգտում են իրենց բողոքի միջոցով ստիպել՝ երեսպատել այդ շենքերը։
Հիշեցնենք, որ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում պետության կարիքների համար օտարվող սեփականության ձեռքբերողի մրցույթների արդյունքներում՝ Լալայանց, Կողբացի եւ Տերյան փողոցներով պարսպված տարածքի ձեռքբերող է ճանաչվել «Լոկալ Դիվելոփըրզ»ՍՊԸ-ն։
«Պետական գերակա շահը կայանում է կառուցելու մեջ, ոչ թե քանդելու։ Եկել են ասում են՝ քանդենք։ Մենք չենք ուզում, որ մեր շենքը քանդեն։ Մարդիկ իրենց ամբողջ կյանքն ապրում են կենտրոնում, բայց ստիպված գնում են ծայրամաս։ Միշտ այդպես է, մի քանի կոպեկ են տալիս այդ տարածքի համար, որտեղ մարդը բնակվում է եւ կառուցում են բարձրահարկ շենքեր։ Նույնը՝ մեր շենքը կբարձրացնեն այնքան, որքան իրենց անհրաժեշտ է, եւ գումար կվաստակեն՝ մեզ տալով մի քանի կոպեկ։ Այստեղ պետության օգուտը չէ, իրենց սեփական շահերն են։ Հ ինգ տարի է, ինչ իրենք մեզ դրել են փականների մեջ»,- բողոքում է Լալայանց փողոցի բնակիչ տիկին Ազնիվը եւ շարունակում. «Մենք ուզում ենք հանգիստ ապրենք, ինչպես նրանք, որոնք ոչ մի բան են եղել, հիմա էլ են ոչինչ: Գյուղից եկել են եւ ուզում են քանդել մեր շենքը։ Մենք ուզում ենք մեր բնակարանում լինենք, ինչո՞ւ պետք է գնանք թեկուզ չորս կանգառ այն կողմ կամ այս կողմ, չնայած, դժվար թե իրենք այնպիսի գումար տան, որ մենք կարողանաք մոտակայքում բնակարան գնել։ Ինչո՞ւ պետք է մենք գնանք մի սարի գլխին ապրենք»:
«Մենք Հյուսիսային պողոտայի հետ կապ չունենք: Պողոտան արդեն կառուցված է։ Ուղղակի ասում են՝ կողքից անցնելիս տեսարանը գեղեցիկ չէ: Ինչո՞ւ գեղեցիկ չէ, եթե երեսպատեն շատ էլ գեղեցիկ կլինի»,- ասում է նույն փողոցի բնակիչ Արթուրը։
Այն հարցին, թե պաստառները փակցնելուց հետո փոփոխություններ եղե՞լ են, թե՞ ոչ, այս խնդրի կարգավորմամբ զբաղվող նույն տարածքի բնակիչ Վարդանը նշեց, որ բացարձակ ոչ մի բարելավում չի եղել, եւ պետական մարմինների կողմից ոչ մի ուշադրության չեն արժանացել։
«Մեր նամակներում՝ ուղղված թե քաղաքապետին, թե վարչապետին եւ թե նախագահին, անկախ մեր տարաբնույթ հարցադրումներից, նրանց պատասխան նամակների բովանդակությունները նույնն է, քանի որ մեզ՝ այդ երեքի փոխարեն պատասխանում է միեւնույն մարդը՝ Ռոբերտ Հարությունյանը, որի գործը եւ անհարգալից վերաբերմունքը մեր դուրը չի գալիս»,- ասում է նա։
Վարդանի խոսքերով՝ «Լոկալ Դիվելոփըրզ»-ը բնակիչներին, որպես փոխհատուցում խոստացել է Պուշկին 38 հասցեում նոր շենք կառուցել եւ նրանց տեղափոխել այնտեղ, սակայն նա այս ամենը բլեֆ է համարում, քանի որ «Լոկալ Դիվելոփըրզ»-ը շենքը կառուցելու համար, ինչպես օրենքն է պահանջում, չի համագործակցել ոչ քաղաքաշինության, եւ ոչ էլ բնապահպանության նախարարությունների հետ։ «Քաղաքաշինության նախարարության կողմից մեզ ուղղված պատասխան նամակում գրված էր, որ „Լոկալ Դիվելոփըրզ“-ը նախարարությանը մինչ օրս չի ներկայացրել իր իրացվող գոտու նախագիծը, իսկ բնապահպանության նախարարությունը ընդհանրապես այդ մասին տեղյակ չէ, ինչը միանշանակ օրենքի խախտում է։ „Լոկալ Դիվելոփըրզ“-ի ներկայացուցիչները բնակիչներին միայն թղթի վրա նկարած շենք են ցույց տվել՝ հավաստիացնելով, որ իբր շենքը արդեն կառուցում են»,- նշում է բնակիչը։
Չնայած 2009 թվականին «Լոկալ Դիվելոփըրզ»-ի իրացման ժամկետը ավարտվել է, այնուամենայնիվ այն երկարաձգել են մինչեւ 2011 թվականը, որը նույնպես օրենքի խախտում է։ Իրացման ժամկետի ավարտից հետո գործընթացը ոչ միայն կորցնում է իր իրավական ուժը, այլեւ, ըստ օրենքի, տարածքի ձեռքբերող ճանաչվածը, տվյալ դեպքում՝ «Լոկալ Դիվելոփըրզ»-ը, պարտավորվում է փոխհատուցել բնակիչների սպասվող եկամտի կորուստները։
«Մենք չենք վախենում իրենցից եւ երբեք դուրս չենք գալու մեր բնակարաններից։ Մենք դեռ խայտառակ կանենք նրանց, իսկ գործերը անպայման կգնան Եվրադատարան»,- հավաստիացրեց Վարդանը։



















