Աթոս սուրբ լեռան Սրբազան համայնքի եւ հունական հեռահաղորդակցային ՕՏԵ հոլդինգի ներկայացուցիչները պայմանագիր են ստորագրել Աթոսի հնագույն տեքստերի թվայնացման եւ  «Թվային տապան» նախագծի իրականացման վերաբերյալ: Պայմանագրի արժեքը 7,7 մլն եվրո է (առանց ԱԱՀ-ի), տեղեկացնում է «Ռուսական Աթոսը»:

Նախագիծը ենթադրում է Աթոսի վանքերում եւ գրադարաններում գտնվող փաստաթղթերի եւ ձեռագրերի թվայնացում: 

Աթոսյան ձեռագրերը հանրությանը հասանելի դարձնելու նպատակով մի քանի լեզվով հատուկ կայք կստեղծվի եւ Սուրբ լեռան գրադարան-արխիվ: Այն կազմված կլինի    900 հազար ձեռագրից, 450 հազար տպագիր պարբերականից,  550 հազար պատմական արխիվային փաստաթղթից, եկեղեցական արվեստի  146 հազար առարկայից, 25 հազար ճարտարապետական էսքիզից եւ 2,5 ժամ տեսա-փաստաթղթից:

2008-ին ՕՏԵ ընկերությունը Սուրբ լեռան վրա Wi-MAX  կապ է գործարկել, որն Աթոսի բնակիչների համար մուտք է ապահովում համացանցին:  Նախագիծն իրականացվել է էլեկտրամատակարարում չունեցող տեղանքի բարդ լանդշաֆտի պատճառով գրեթե կատարյալ անանցանելիության պայմաններում: Այդ խնդիրների հաղթահարման համար ընկերությունը Սուրբ լեռան վրա արեւային էներգիայով աշխատող վեց կայան է տեղադրել:  Ներկայումս Աթոսում 20 վանք է գործում: Աթոսը հունական պետության կազմում ինքնակառավարվող վարչական միավոր է, որի կենտրոնը Կարեյա քաղաքում է: 

Թերակղզում գերագույն իշխանությունը պատկանում է համայնքին: Այն կազմված է  20 վանքի ներկայացուցիչներից, որոնց միջեւ բաժանված է Աթոսի ամբողջ տարածքը: Համայնքն է կառավարում իրականացնում Սուրբ լեռան կանոնակարգի համաձայն, որը հաստատված է Հունաստանի սահմանադրությամբ: