«Ներկա կոռումպացված, թուլացած համակարգով չի կարելի թույլ տալ ԼՂ խնդրի լուծում»,- այսօր Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ու իր այդ տեսակետը հիմնավորելու համար բերեց երկու փաստարկ. «Առաջին. ներկայումս բանակցություններում քննարկվող փաստաթղթերն արտացոլում են այն ռազմաքաղաքական բալանսը, որը ստեղծված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, իսկ այսօր Հայաստանն այս իշխանության գործունեության պատճառով թուլացած է, ուստի քննարկվելիք փաստաթուղթը չի կարող լինել ի նպաստ Հայաստանի եւ ԼՂՀ-ի»: Երկրորդ հանգամանքն ըստ նրա այն է, որ «իշխանությունը լինելով ոչ լեգիտիմ, չունենալով ժողովրդի աջակցությունը, հակված է անհարկի զիջումների Ղարաբաղի խնդրի լուծման հարցում»: Դա արվում է մեկ նպատակով. «որպեսզի ապահովեն միջազգային հանրության աջակցությունն իրենց սեփական իշխանությունն ամրապնդելու համար»:
Այս պայմաններում, ըստ Զուրաբյանի, շտկման միակ ձեւը իշխանությունների հեռանալն է: «Հայաստանում պետք է ձեւավորվի լեգիտիմ, ժողովրդի վստահությունը վայելով իշխանություն, որը կկարողանա լրիվ բացել ՀՀ տնտեսական, ռազմական պոտենցիալները եւ միայն դրանից հետո պետք է այդ նոր պոտենցիալով, նոր խաղաքարտերով մտնել բանակցությունների մեջ»,- ընդգծեց նա:



















