Լեհական գազային PGNiG ընկերությունը տեղեկացրել է Լեհաստանի եւ Նորվեգիայի միջեւ գազատար կառուցելու իր մտադրության մասին: Վարշավան հույս ունի այդպիսով նվազեցնել Լեհաստանի կախվածությունը ռուսական գազից, գրում է  DW-ն:

Լեհական պետական գազային PGNiG ընկերությունը նախատեսել է Լեհաստանի եւ Նորվեգիայի միջեւ գազատար կառուցել, որպեսզի նվազեցնի ռուսական գազից երկրի կախվածությունը: Սպասվում է, որ այդ նախագծի իրականացումը թույլ կտա արդեն 2022-ին Լեհաստանին գազի ամենամյա մատակարարումներ ապահովել մի քանի մլրդ խ մ ծավալով:

Նոր գազատարը պիտի անպայման շահագործման հանձնվի մինչեւ  2022 թվականը, որովհետեւ հենց այդ ժամանակ է սպառվում ռուսական «Գազպրոմի» հետ  PGNiG-ի պայմանագրի ժամկետը: Ներկայումս  Լեհաստանն իրեն անհրաժեշտ  16 մլրդ խ մ գազից  10,2 մլրդ խ մ-ը «Գազպրոմից» է գնում: «2022 թվականին մենք ուզում ենք հյուսիսից մի քանի մլրդ խորանարդ մետր գազի տեղափոխման տեխնիկական հնարավորություն ունենալ», - ասված է PGNiG-ի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է հինգշաբթի` հունվարի 28-ին:

Նորվեգիայի հետ նախագծի մանրամասները PGNiG-ը նախատեսում է հաղորդել ավելի ուշ` այս տարվա ընթացքում: