Շառլ Ազնավուրը «Արգումենտի ի ֆակտիին» տված հարցազրույցում պատմել է, թե որքան մեծ նշանակություն ունի իր համար Ռուսաստանը: «Իմ հայրը խոհարար էր ռեստորանում, որտեղ ռուսական կերակուրներ էին պատրաստում: Ռեստորանը կովկասյան էր, բայց կերակուրները մաքուր ռուսական էին, այն իրական ռուսական խոհանոցի, որն այսօր գոյություն չունի: Եւ ոչ միայն նրա համար, որ շատ բաղադրատոմսեր կորսված են, այլ ուղղակի չկան անհրաժեշտ բաղադրիչները: Ի դեպ, հայկական ռեստորանների հետ էլ նույն պատմությունն է: Հայաստանում շատ բարդ է ավանդական խոհանոցով ռեստորան գտնել: Մայրս ռուսերեն է սովորել՝ օգնելով պապիկիս (պապս խոհարար է եղել Նիկոլայ 2-րդի մոտ, ապա հորս ռեստորանում): Մեր տանը միշտ հյուրեր են հավաքվել, հիմնականում` ռուսներ: Ուստի ես փոքրուց լողացել եմ ռուսական մշակույթի մեջ: Ծնողներիս տանը մշտապես ռուսական երգեր են հնչել»,- ասել է Ազնավուրը:
Հարցին, թե որտեղի՞ց է էներգիա քաղում, Ազնավուրը պատասխանել է. «Հնարավոր է՝ իմ ուժի գաղտնիքը նրանում է, որ ես ներգաղթյալների զավակ եմ: Իսկ երբ ներգաղթյալը ստիպված է ապրել օտար երկրում, ինչ էլ որ անի, միշտ դժբախտ է: Առաջին հերթին նրա համար, որ կտրված է իր հայրենիքից: Բայց հայրս մեծ լավատես էր, նա երբեք չէր կորցնում կապն իր ծնողների հետ, որոնք ապրում էին ԽՍՀՄ-ում՝ Լենինականում: Մորս վիճակն ավելի վատ էր, նա կորցրել էր բոլոր հարազատներին Հայոց ցեղասպանության ժամանակ: Հենց այդ սպանդի պատճառով էլ մերոնք փախել էին Ֆրանսիա»:
Շառլ Ազնավուրը ծնվել է ներգաղթյալների ընտանիքում 1924թ.: 9 տարեկանից երգում է բեմում: Ավելի քան հազար երգերի հեղինակ է, խաղացել է 60 ֆիլմերում: 2009-ից Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում: Երեք անգամ ամուսանցել է, ունի վեց երեխա:




























