Օրհուսի համալսարանի հետազոտողները վերլուծել են ավելի քան 13 000 ուսանողների տվյալներ, որոնք մասնակցել են 12 առանձին հետազոտությունների: Կամավորները լրացրել են հարցաթերթիկները, որոնք նախատեսված էին անձի հինգ հիմնական հատկանիշների արտահայտվածության գնահատելու համար: Այդ հատկանիշներն են անկեղծությունը, բարեխղճությունը, էքստրավերտությունը, զիջողությունն ու նեվրոտիզմը, գրում է MedDaily-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը
Մասնագետները օրինաչափություն են նկատել ուսանողների ընտրած մասնագիտության ու նրանց բնավորության գծերի միջեւ: Մասնավորապես, բժշկական , իրավագիտական, տնտեսագիտական ու քաղաքագիտական ֆակուլտետների ուսանողների շրջանում էքստրավերտության մակարդակն ավելի բարձր էր, քան մյուսների մոտ: Իրավագիտական, տնտեսագիտական ու բիզնեսի ֆակուլտետում սովորողներն իրենց բնավորությամբ նվազ հարմարվող էին: Նրանք ավելի հազվադեպ էին առատաձեռնություն դրսեւորում ու օգնում մյուսներին:
Մշակույթի ու արվեստի ֆակուլտետի ուսանողները, նաեւ նրանք ովքեր հոգեբանություն ու քաղաքագիտություն էին ուսումնասիրում, ավելի ընկալունակ ու բաց էին նոր գիտելիքների ու զգացողությունների առաջ՝ այսինքն ավելի հետաքրքրասեր ու ստեղծագործական մարդիկ էին, որոնք շատ բան գիտեն իրենց սեփական զգացմունքների մասին: Անկեղծությունն ամենից քիչ էր արտահայտված տնտեսագետների, ինժեներների, իրավաբանների ու բնական գիտությունների ֆակուլտետների ուսանողների մոտ:
Այն ուսանողները, որոնք մշակույթ ու արվեստ էին ուսումնասիրում, նվազ բարեխիղճ էին ու ավելի նեւրոտիկ: Եվ այս հարցում նրանցից շատ չեն տարբերվում նաեւ հոգեբանության ֆակուլտետի ուսանողները: Մասնագետները հույս ունեն, որ իրենց եզրակացությունները կօգնեն դպրոցականներին ճիշտ ընտրել իրենց մասնագիտությունը, իսկ դասախոսներին՝ ճիշտ ծրագրել իրենց դասախոսությունները:



























