Ընդունված է համարել, որ մարդիկ սննդակարգից հրաժարվում են վնասակար սննդի գրավչության պատճառով: Բայց իրականում երբեմն ամեն ինչ փողից է կախված: Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, եթե մարդն սկսում է սննդի վրա ավելի շատ փող ծախսել, մեծ է հավանականությունը, որ սննդի որակը կլավանա: Նա սկսում է ավելի շատ միրգ եւ բանջարեղեն ուտել, ինչը նվազեցնում է քաշը, սիրտանոթային հիվանդությունների, դիաբետի ռիսկը:
Այսպես, եթե ծախսը միջինը ավելացել է 1,4 եվրոյով, մարդը սկսել է օրական 74 գրամով ավելի բանջարեղեն ուտել եւ 52 գրամով ավելի մրգեր, ասում է Հելմուտ Շրյոդերը Բարսելոնի IMIM Բժշկական հետազոտական ինստիտուտից: Իսկ ծախսերը 6 ցենտով նվազեցնելը հանգեցրել է բանջարեղենի օգտագործման նվազման 121 գրամով եւ մրգերի` 94 գրամով: Միաժամանակ մարդը սկսել է ակտիվորեն ֆաստֆուդ եւ տարբեր խմորներ ուտել, գրում է MedDaily-ն` վկայակոչելով The India Times-ին:
Այդպիսին են 25-74 տարեկան 2181 իսպանացու նկատմամբ տասնամյա դիտարկման արդյունքները: Մասնագետները ոչ միայն վերահսկել են մարդկանց սննդակարգը, այլեւ չափել են նրանց հասակը եւ քաշը: Փորձագետներն արձանագրում են. այժմ դժվար է ճիշտ սնվել: Վերջին ժամանակներս օգտակար մթերքները, որոնցում կալորիաները քիչ են, թանկացել են 50 տոկոսով: Իսկ հրուշակեղենը եւ մշակված սննդամթերքը` համապատասխանաբար 10-ից 23,1 տոկոսով:



























