Երեւում է` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հասկացնել է տալիս, որ ի վերջո Բաքուն դուրս կգա Մինսկյան բանակցային գործընթացից եւ կգործի այնպես, ինչպես անհրաժեշտ է գտնում. այսինքն`գործը հասցնելով պատերազմի: Այդ մասին    NEWS.am-ի թղթակցին հայտնել է ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը` անդրադառնալով ԵԽԽՎ-ում քվեարկության եւ դրան նախորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության արդյունքների վերաբերյալ Ալիեւի հայտարարությանը:  

Քաղաքագետի խոսքով, Ալիեւն ընդամենը փաստն է արձանագրել, եթե բացառենք իսլամոֆոբիայի վերաբերյալ հայտարարությունը:  «ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն անօգուտ են, որովհետեւ Հայաստանը եւ Ադրբեջանը հակադիր դիրքորոշումներ ունեն եւ դրանք մերձեցնելու միջոցներ չկան: ԵԱՀԿ Մինսկի խումբն այդ անելու ռեսուրսներ չունի», - ընդգծել է Ալեքսանդր Խրամչիխինը: 

Այն հարցին, թե դրան կարող են հաջորդել ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ինչ-որ քայլեր, քաղաքագետը պատասխանել է. «Այդ երկրները ոչնչի չեն կարող հասնել, քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները փոխադարձաբար բացառում են իրար»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը այն դեպքում, եթե գործը պատերազմի հասնի, Խրամչիխինը նկատել է. «Ես ոչ Ռուսաստանի, ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկրների մոտ չեմ տեսնում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա լրջորեն ազդելու որեւէ միջոց: Ռուսաստանը, ինչպես նախկինում, կոչ կանի   խաղաղ եղանակով լուծել խնդիրը, չնայած տվյալ դեպքում խաղաղ եղանակն ընդամենը հակամարտության սառեցումն է, այդ պատճառով էլ ստատուս քվոն շարունակվում է եւ վերջ»:

Քաղաքագետը հակամարտության լուծման խաղաղ ուղիներ չի տեսնում: «Հայաստանի եւ Ադրբեջանի փոխբացառող դիրքորոշումները փոփոխելու ոչ մի հնարավորություն չկա, եթե երկրներից որեւէ մեկում հեղաշրջում տեղի չունենա եւ իշխանության չգան լրիվ այլ դիրքորոշումներ ունեցող մարդիկ:  Բայց  նման հնարավորություն չեմ պատկերացնում ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում: Որքան էլ ցավալի է, առանց եւս մեկ պատերազմի, անհնար կլինի հանգուցալուծել հակամարտությունը», - եզրափակել է Ալեքսանդր Խրամչիխինը: 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին մեղադրել է կրոնական խտրականության համար: Մեկնաբանելով ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների վերաբերյալ քվեարկությունը, Ալիեւը հայտնել է.  «Շատ եմ ցավում, որ Մինսկի խմբի համանախագահները, որոնց պարտականությունն է անմիջապես զբաղվել տվյալ հարցով, ձգտում են ոչ թե հակամարտության հանգուցալուծման, այլ սառեցման: Նրանց ներկայիս գործունեությունը լրիվ անիմաստ է: Նրանք ոչ միայն ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա, այլեւ նրան պաշտպանում են հնարավոր խնդիրներից»: