Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ երկրում սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները կամրացնեն Թուրքիայի ԵՄ անդամակցության հեռանկարները:  

Ինչպես հաղորդում է «Թուրքիայի ձայնը», Դավութօղլուի կարծիքով, Թուրքիայի ժողովրդի կողմից սահմանադրական փոփոխություններին հավանություն տալը զգալի ներդրում է` ԵՄ անդամակցության բանակցությունների գործընթացում:

Այս փոփոխությունները, ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի, թույլ կտան Թուրքիային կատարել ԵՄ կողմից ներկայացված առաջարկներից մի քանիսը: «Սահմանադրական փոփոխությունների փաթեթի ընդունումը շրջադարձային է Թուրքիայում ժողովրդավարության ամրապնդման հարցում»,- վստահ է Դավութօղլուն:

Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացիների 58 տոկոսը կողմ էր քվեարկել սեպտեմբերի 12-ին այդ երկրում կազմակերպված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ: Հանրաքվեի նախաձեռնողն իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն էր: