Իսրայելցի քաղաքագետ եւ հրապարակախոս Ավիգդոր Էսկինը, ով առանց պատճառաբանման արտաքսվել էր Վրաստանից, բաց նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեին։ Նա կոչ է անում բոյկոտել ԵԽԽՎ նիստը, որը պետք է կայանա Թբիլիսիում սեպտեմբերի 16-17-ը։
Սեպտեմբերի 13-ին իսրայելցի քաղաքագետ եւ հրապարակախոս Ավիգդոր Էսկին Թբիլիսի էր ժամանել Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեի հրավերով։ Սեպտեմբերի 14-ին նա պետք է դասախոսություն կարդար այդ բուհում, իսկ հաջորդ օրը մասնակցեր «Գլոբալիզացիա եւ ինքնություն. մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայով կլոր սեղանին։ Էսկինի խոսքով, իրեն արտաքսել են Իսրայել` առանց որեւէ պատճառաբանություն նշելու։
Սեպտեմբերի 14-ին Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել եւ արտաքսվել է նաեւ կոնֆերասնի մեկ այլ մասնակից` Ռուսաստանի ռազմավարական զարգացման կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը։
Այսօր պարզ կլինի՝ թույլ կտա՞ն Վրաստանի իշխանությունները Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, Քաղաքական հետազոտությունների ուսումնասիրման կենտրոնի նախագահ եւ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Մարկովին այցելել Թբիլիսի։




























