2015թ. դեկտեմբերի 21-ին ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպանները միջնորդել են տեղափոխել նրան մասնագիտացված բուժհաստատություն եւ փոխել խափանման միջոցը:
«Մենք ուզում ենք ինքը տեղափոխվի այն բուժհաստատություն, որտեղ նախքան այս բուժում է ստացել: Ինքն առողջական խնդիրներ ունի, մի ոտքի երակը հեռացվել էր, մյուս ոտքի երակում թրոմբ ունի, վիճակի սրացում կարող է լինել ամեն պահ, իսկ բուժումն իրականացնելու համար համապատասխան սարքավորումներ են անհրաժեշտ»,- NEWS.am-ին ասաց նրա պաշտպաններից Ստեփան Ոսկանյանը:
Պաշտպանը տեղեկացրեց, որ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխման միջնորդության վերաբերյալ վաղը, հավանաբար, որոշում կլինի:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:



























