Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած քաղաքաշինության խորհրդի նիստում միաձայն դրական եզրակացություն է տրվել գլխավոր պողոտայի`Սարյան փողոցի կենտրոնական փոստից մինչեւ Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածի վերակառուցման էսքիզային նախագծին:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս նախագիծը 2 ամիս առաջ եւս քննարկվել էր, սակայն հեղինակային խմբի առաջարկությունն այն ժամանակ քաղաքաշինության խորհրդի կողմից չէր ընդունվել, որից հետո այն լուրջ փոփոխությունների էր ենթարկվել:
Ի տարբերություն նախկին նախագծի ներկայացված նոր տարբերակից հանվել էր Գլխավոր պողոտայի այդ հատվածում վերգետնյա սպասարկման օբյեկտներ ու հյուրանոց կառուցելու առաջարկությունը: Դրանք նախկինում Երեւանի քաղաքապետի ու քաղաքաշինության խորհրդի կողմից համարվել էին անընդունելի, որպես հիմնավորում մասնագետները նշել էին, որ հյուրանոցի առկայությունը Գլխավոր Պողոտայի այդ հատվածում անհարիր է զբոսավայր ճեմուղու հիմնական ֆունկցիոնալ նշանակությանը: Կառույցն անընդունելի էր նաեւ ծավալատարածական առումով:
Երեւանի քաղաքապետի պահանջով նախագիծը խստորեն վերանայվել է` ստորգետնյա հատվածի լայնությունը նախկին 45 մետրի փոխարեն նախատեսվում է 33 մետր, ինչը թույլ է տալիս ամբողջությամբ պահպանել գույություն ունեցող ծառուղիները: Քաղաքապետը նշեց, որ հատկապես այս հանգամանքը անչափ կարեւոր է` ընդգծելով, որ ամեն ինչ պետք է անել կանաչ զանգվածը պահպանելու համար: Երկհարկանի ստորգետնյա կառույցի վրա առաջարկվում է ստեղծել կանաչ գոտիներ ու ջրային մակերեսներ: Ըստ նախագծի Սարյան–Մաշտոց հատվածը ամբողջությամբ պահպանելու է ճեմուղու իր նշանակությունը, Սարյան փողոցից դեպի գլխավոր պողոտա կկազմակերպվեն աստիճանաձեւ անցումներ:
Ստորգետնյա հատվածը բաղկացած կլինի 2 հարկից: Առաջինում կտեղակայվի առեւտրի կենտրոն, երկրորդում` ավտոկայանատեղի: Նիստին ներկա բոլոր ճարտարապետները ողջունեցին ներկայացված նախագիծը` նշելով, որ նախկին տարբերակի համեմատությամբ կատարված փոփոխությունները ակնհայտ են:
Նախագծում ներառվեց նաեւ Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի առաջարկությունը` Գլխավոր պողոտան դիտարկել որպես մեկ ամբողջություն եւ որպես ընդհանուր կանաչ գոտի շարունակական դարձնել մինչեւ Խանջյան փողոց:
Հավանության արժանացած այս նախագիծը մինչ վերջնական հաստատումը կլրամշակվի «Երեւաննախագիծ» ինստիտուտի կողմից։
Բացի այդ, քաղաքաշինության խորհրդի քննարկմանն է ներկայացվել նաեւ Երեւանի կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից տարածքում կաթողիկոսական նստավայրի եւ Սուրբ Աննա եկեղեցու նախագիծը, որը քննադատության է ենթարկվել։ Դիտողություններն հիմնականում առնչվել են ընդհանուր քաղաքաշինական միջավայրին համահունչ չլինելուն, արտաքին չափերի մեծությանն, եկեղեցու չափից ավելի բարձրությանը եւ այլն:
Հեղինակային խմբին առաջարկվել է, բոլոր դիտողությունները հաշվի առնելով, պատրաստել նոր նախագիծ ու կրկին այն ներկայացնել քաղաքաշինության խորհրդի քննարկմանը։





























