ԵԱՀԿ Մինսկի խումբը ողջունում է Ադրբեջանի կողմից հակահայ բանաձեւը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետ կանչելու փաստը, քանի որ չի հավատում, որ «այդ բանաձեւը կնպաստի խաղաղ գործընթացին»։ Այս մասին ВВС ռադիոյի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն։
«Դա կարող է ուշադրությունը շեղել կողմերի միջեւ ուղիղ բանակցություններից։ Հակամարտության ամենաարագ լուծման ճանապարհը Մինսկի խմբի շրջանակներում կողմերի ուղիղ բանակցություններն են»,- Բրադկեի խոսքերն է մեջբերում АPА գործակալությունը։
Դիվանագետը նշել է, որ էական տարբերություններ չի տեսնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եւ անգամ նախագահների դիրքորոշումների մեջ։ Խոսելով ԵԱՀԿ-ի ճանաչողական առաքելության մասին՝ համանախագահը հստակեցրել է, որ այն շատ կարեւոր է լինելու։ «Դա շատ կարեւոր այց է լինելու։ Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին գնահատող առաքելությունը տեղի է ունեցել հինգ տարի առաջ։ Այս տարվա սկզբին մենք որոշեցինք, որ այցը կրկնելու կարիք կա։ Գիտեք, որ այդ տարածքները չեն կարող մշտապես այդ վիճակում մնալ։ Երբեւիցե փախստականները կվերադառնան իրենց հարազատ վայրեր։ Բաժանարար գծերը պետք է վերացվեն»,- ասել է նա:





























