Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` սեպտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ գործերով «Ռուսաստանյան համագործակցություն» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցիչ Վիկտոր Կրիվոպուսկովը:
Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Գեւորգյանի առաջիկայում Ռուսաստան կատարելիք աշխատանքային այցի համատեքստում քննարկվել են Հայաստանի մարզերի եւ ՌԴ ռեգիոնների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ գալիք տարվա առաջին եռամսյակում ՌԴ ռեգիոնների ղեկավարների մասնակցությամբ Հայաստանում համաժողովի անցկացման հնարավորությանը: Համաժողովը նվիրված է լինելու երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հաստատման ու ընդլայնման հարցերին, ՀՀ մարզերի եւ ՌԴ ռեգիոնների միջեւ առեւտրատնտեսական, հումանիտար կապերի խորացման ու զարգացման հեռանկարներին:





























