Օրերս Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը մեկնելու է ԱՄՆ` այնտեղ ՀԱԿ-ին աջակցող կազմակերպություններին համախմբելու նպատակով: Երեկ Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կապակցությամբ Լ. Զուրաբյանն ասաց. «ԱՄՆ-ում մենք ունենք աջակիցների բավականին լուրջ, ստվար զանգվածներ, որոնք շատ ակտիվ քաղաքական պայքար վարեցին ետփետրվարյան զարգացումների ժամանակ: Նրանք ե'ւ բարոյական, ե'ւ նյութական աջակցություն ցուցաբերեցին շարժմանը, հալածանքների հետեւանքով ծանր վիճակում հայտնված մարդկանց: Բայց զգացվում է, որ ժամանակն է, շարժմանն աջակցության նպատակով ստեղծված այդ կառույցներն ակտիվացնել եւ բերել ավելի մարտական մի վիճակի»: Նրա խոսքով, իր ԱՄՆ այցելության նպատակը հենց սա է լինելու: «Նախատեսված են հանդիպումներ հասարակական կազմակերպությունների, տարբեր գործիչների հետ, եւ մենք ուզում ենք մեզ աջակցող հոսանքները` հասարակական եւ քաղաքական կազմակերպությունները իմի բերել»,- ընդգծեց նա:
Լ. Զուրաբյանը հիշեցրեց նաեւ, որ ԱՄՆ-ում գործող այդ կառույցները աջակցել են մարտի 1-ին վիրավորված անձանց թանկարժեք բուժման հարցում, եւ շնորհակալություն հայտնեց նրանց՝ նման քայլի համար:



















