Թուրքիայի հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալը, որն աշխարհին առավել հայտնի է Աթաթուրք (թուրքերի հայր) անունով, բնականոն կերպով շարունակել է իր նախորդների հանցավոր քաղաքականությունը՝ միաժամանակ լավ օրինակ հանդիսանալով և իր հաջորդների համար՝ Հայոց Ցեղասպանության մերժման հարցում։ NEWS.am-ի ձեռքի տակ է հայտնվել մի եզակի փաստաթուղթ, որը ներկայացնում է թուրքերի հոր իրական դեմքը։ Խմբագրությունը որոշել է հրապարակել ԱՄՆ ռազմա-ծովային ուժերի ծովակալ Բրիստոլին հասցեագրված Մուստաֆա Քեմալի 1920 թվականի մարտի 7-ի հեռագիրը, որի մեջ թուրք առաջնորդը հերքում է «այսպես կոչված Հայոց Ցեղասպանության» մասին պնդումները՝ հավաստելով, որ այդ ամենը, իբր, իրականում սարքվել է Թուրքիայից հայկական համայնքի անջատման նպատակով։

Ահա թե ինչ է գրում Աթաթուրքն իր «արդարացի ցասման» մեջ. «Մեր ազգը տառապում է դաշնակից զորքերի կողմից մեր հողերի զավթման պատճառով, այն դեպքում, երբ մենք խաղաղություն էինք ակնկալում Մոնտրեի կոնվենցիայի արդյունքում։ Մենք կարծում էինք, որ իրավիճակը կփոխվի, և կկայացվի արդար ու անաչառ որոշում խաղաղ բանակցությունների վերաբերյալ։ Սակայն նրանք, ովքեր հետապնդում են իրենց սեփական շահերը, սարքել են Անատոլիայում 20 000 հայերի սպանության մասին սուտը։ Մենք կարծում էինք, թե դաշնակից տերություններն ու ամերիկյան կառավարությունը չեն հավատա նման ստի, քանի որ նրանց գաղտնի ծառայությունները գործում են ողջ Անատոլիայում։ Սակայն մենք տեսնում ենք հակառակը։ Բոլորին շատ լավ հայտնի է, որ թուրքերը, ֆրանսիական զինված ուժերն ու նրանց կողմից մարտնչող հայերը կորուստներ են կրել Մարաշի և Ուրֆայի բախումներում։ Եվ դա ջարդերի հետևանք չէ, այլ այն բախումների բնականոն հետևանքը, որոնք սկսվել էին մուսուլմանների վրա հայ զինվորների հարձակման պատճառով առաջ եկած հայերի դեմ տեղի բնակչության դիմադրությունից։ Հարկ է ավելացնել, որ այդ բախումները տեղի չէին ունենա, եթե օկուպացիոն զորքերը մարդկանց վերաբերվեին միևնույն կերպ և չնշանակեին հայերին որոշ պաշտոններում՝ զինելով նրանց։

Մենք ևս մեկ անգամ դիմում ենք դաշնակից զորքերին ու ամերիկյան կառավարությանը՝ ատելության ու ագահության վրա հիմնված հայերի ջարդերի քարոզչության իրական էության մասին համաշխարհային հանրությանը տեղեկացնելու, և, դրանով իսկ, թուրք ժողովրդին նման ստոր ու նողկալի մեղադրանքներից ազատելու խնդրանքով»։