Կրասնոդարի մարզի հայ երիտասարդների զգալի մասը ցանկանում է ռազմական ծառայությունն անցնել Հայաստանում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը՝ մեկնաբանելով Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերը, թե աշխարհի բոլոր ծագերից հայ երիտասարդները ցանկանում են ծառայել հայկական բանակում:
Նրա խոսքով, նախազորակոչային փուլում «Երկրամասի» խմբագրությունն ամեն շաբաթ մոտ հիսուն հեռախոսազանգ է ստանում Կուբանի տարբեր շրջաններում ապրող երիտասարդներից, ովքեր հետաքրքրվում են հայկական բանակում ժամկետային ծառայություն անցնելու հնարավորությամբ:
«Ցանկացողների մեջ ինչպես Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներ կան, այնպես էլ Ռուսաստանի քաղաքացիներ, այդ թվում՝ Արեւմտյան Հայաստանից տեղահանվածների ժառանգներ՝ չորրորդ եւ հինգերորդ սերնդի հայեր: Կան անգամ հետաքրքրվողներ սլավոնական ազգություններից»- նկատել է «Երկրամասի» խմբագիրը:
Նշենք, որ սեպտեմբերի 15-ին ելույթ ունենալով խորհրդարանի ամբիոնից, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե Հայաստանի պաշտպանության նախարարությունը ներկայումս քննարկում է զինված ուժերում օտարերկրյա պետությունների հայ քաղաքացիների ծառայելու հնարավորությունը: Նրա խոսքով, օտարերկրյա պետությունների շատ հայ քաղաքացիներ դիմում են պաշտպանության նախարարություն՝ խնդրելով թույլատրել ծառայել հայկական բանակում: Օհանյանը հայտարարել է, թե առաջիկայում մտադիր է այդ հարցը քննարկել իր ռուսաստանցի գործընկերոջ՝ Անատոլի Սերդյուկովի հետ:



























