Թուրքիայում Սահմանադրական բարեփոխումների վերբերյալ հանրաքվեն այդ երկրում լուրջ ցնցումների հիմք կարող է դառնալ։ Սեպտեբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսում արեց պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։
Նրա համոզմամբ, Թուրքիան այն երկիրը չէ, ուր կախարդական փայտիկի օգնությամբ տեղի կունենան լուրջ տեղաշարժեր եւ բարեփոխումներ, կլուծվեն ժողովրդավարության կամ Եվրամիությանն անդամակցության հարցերը։ «Սահմանադրական բարեփոխումներով, թուրքական հասարակությունում առկա հակասությունների խորացում է սպասվում։ Եւ ընդհանրապես, հանրաքվեից դրական լուրջ տեղաշարժեր չպետք է սպասել։ Որեւէ փոփոխություն չարժե ակնկալել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասով»,- նշեց Դեմոյանը։
Թանգարան-իստիտուտի տնօրենը նաեւ հիշեցրեց, որ թուրքական 2 սահմանադրություննների (1961 եւ 1982 թվականների) նմանությունն այն էր, որ զինվորականությունը կարող էր իրեն իրավունք վերապահել հեռացնելու քաղաքացիական իշխանությանը։
Անդրադառնալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին, Դեմոյանը նկատեց, որ ֆուտբոլային դիվանագիտության առաջին փուլից ունեցած երկկողմ ակնկալիքները չարդարացան։ «Հայաստանն ակնկալում էր Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ եւ հայ-թուրքական սահմանի բացում` առանց նախապայմանների, մինչդեռ Թուրքիան ակնկալում էր կասեցնել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը եւ ակտիվացնել իր դերը ԼՂ հիմնահարցի լուծման հարցում»,- հիշեցրեց Դեմոյանը՝ միաժամանակ հավելելով, որ իր այս գործողություններով Թուրքիան միջազգային հանրության մոտ անկանխատեսելի գործընկերոջ համբավ ձեռք բերեց, այնինչ Հայաստանը ցույց տվեց, որ հետամուտ է իր խոստումներին։
Ամփոփելով՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը նշեց, որ թուրքական պետությունն ու հասարակությունը լուրջ կոմպլեքսներ եւ վախեր ունեն։ «Թուրք հասարակությունը հիվանդ հասարակություն է, եւ դրանով էլ բացատրվում է նրա ագրեսիվությունը»,- ասաց նա:





























