Վերջին ամիսների տարածաշրջանային զարգացումների համատեքստում պաշտոնական Երեւանը որոշ քայլեր է կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Խոսելով ղարաբաղյան հարցը Մինսկի խմբի շրջանակներից հանելու Ադրբեջանի փորձերի մասին, Մինասյանը նկատել է. «Փաստը, որ Բաքուն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի օրակարգից հետ կանչեց «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւը», խոսում է այն մասին, որ ՄԱԿ-ի կանոնակարգը լավ վիճակում չէ: Դա ոչ միայն մեր կարծիքն է, մի քանի տարի առաջ քննարկվում էր կանոնակարգի փոփոխության եւ իրավա-կազմակերպչական բարեփոխումներ իրականացնելու հարցը»: Ըստ Մինասյանի, Ադրբեջանը հետ է կանչել բանաձեւը «ողջամիտ ուժերի» ճնշման տակ, եւ այն չի քննարկվելու նաեւ 65-րդ նստաշրջանին:

Ասուլիսի մյուս բանախոսը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը չկիսեց պատգամավորի կարծիքը: «Եթե բանաձեւը չի հանվել օրակարգից, այլ միայն հետ է կանչվել, դա նշանակում է, որ դրա քննարկումը հնարավոր է ապագայում»,- ասել է Հովհաննիսյանը: