Հայաստանի առողջապահության նախարարությունը մեկնաբանել է Հայաստանում Արեւմտյան Նեղոսի տենդի տարածման վերաբերյալ տեղեկատվությոնը:

«Արեւմտյան Նեղոսի տենդի շուրջ հասարակության տարակարծությունները փարատելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տնօրենին` հիվանդության մասին տվյալներ ստանալու ակնկալիքով: Վերջինս պաշտոնապես հայտարարել է, որ Վրաստանում Արեւմտյան Նեղոսի տենդի դեպքեր չեն արձանագրվել, նույնիսկ հետազոտություն չի կատարվել»,- ասված է  նախարարության հայտարարության մեջ:

Հայաստանի առողջապահության նախարարության կողմից իրականացվում են մի շարք կանխարգելիչ միջոցառումներ, մասնավորապես` միջատաբանական հետազոտություններ, միջատազերծման եւ ջրականգերի կրճատման աշխատանքներ, բնակչության շրջանում քարոզչություն, ուժեղացվել է հսկողությունը Արեւմտյան Նեղոսի տենդի բռնկումներ արձանագրած երկրներից ժամանած օդանավերի եւ ուղեւորների նկատմամբ եւ այլն:

Միաժամանակ, հիվանդության անվանումը հիմք չէ ենթադրելու, թե դեպի Եգիպտոս հանգստի աշնանային սեզոնի վերաբացումով Հայաստան վերադարձողների հետ Արմտյան Նեղոսի տենդը կթափանցի մեր երկիր:

Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Արմտյան Նեղոսի տենդի ո'չ կասկածելի, ո'չ հաստատված դեպքեր Հայաստանի Հանրապետությունում չեն արձանագրվել»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական տեղեկատվության համաձայն` 2010 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխարհում արձանագրվել է Արմտյան Նեղոսի տենդի 600-ից ավել դեպք` Հունաստանում, Հունգարիայում, Իսրայելում, Իտալիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Ռուսաստանում եւ Թուրքիայում: