Երեւանի կողմից Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթաց նախաձեռնելու անհրաժեշտության վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշումը բոլորովին էլ չի ենթադրում ԼՂՀ անկախության ճանաչում Հայաստանի կողմից, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանը։

«Իսկ ո՞վ է ասել, որ առանց Երեւանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման անհնար է Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթաց սկսել։ Երեւանը, որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության եւ անկախության երաշխավոր, պարզապես պետք է սկսի նրա միջազգային ճանաչման գործընթացը, ինչի համար Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ պետք է ռազմավարական դաշինքի ստեղծման վերաբերյալ պայամանգիր կնքվի»,- հայտարարեց Ռուստամյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ հայաստանյան իշխանությունները դեռեւս չեն խիզախում գնալ այդքան համարձակ քայլի։ «Երեւանը եւ Ստեփանակերտը ղարաբաղյան գործընթացը պետք է այնպիսի ռազմավարությամբ առաջ մղեն, որը միջազգային հանրությանը փաստի առաջ կանգնեցնեն»,- նշեց պատգամավորը։

Ռուստամյանը նկատեց, որ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումն աննպատակահարմար է այն պատճառով, որ դա պաշտոնական Երեւանի ձեռքում եղած հաղթաղուղթ է։ «Երեւանը բանակցություներում դա ներկայացնում է որպես հայկական կողմի փոխզիջում»,- նշեց խոհրդարանականը։