Երեւանի կենտրոնում՝ Երվանդ Քոչար փողոցում SAS սուպերմարկետի պահեստային մասում բռնկված հրդեհի վայրից հիվանդանոց են տեղափոխել առնվազն չորս մարդու: Նրանք գտնվել են սուպերմարկետի վերելակում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Երեւանի «Շտապօգնության» ծառայությունից:
Հրդեհն արդեն տեղայնացվել է: Հրշեջներն ու փրկարարներն այժմ ուսումնասիրում են պահեստները, որտեղ դեռ կարող են մարդիկ լինել (ֆոտոռեպորտաժ):
Հրդեհի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ տուժածների մեջ է հրշեջ ծառայության 8-րդ հրշեջ մասին պետ Մանվել Ավետիսյանը:
Դեպքի վայրում էին Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը, ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության պետ, փոխգնդապետ Վալերի Օսիպյանը, Երեւան քաղաքի ԱԻՆ փրկարար ծառայության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, SAS սուպերմարկետում հրդեհ էր բռնկվել ժամը 00:30-ի սահմաններում: Հրշեջներին ժամը 4:40-ին նոր միայն հաջողվել է ամբողջովին մարել կրակը:
Լուսանկարը եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























