NEWS.am-ը ներկայացնում է հարցազրույց ֆրանսիական կինոյի աստղ Ժերար Դեպարդիեի հետ, ով վերջերս Հայաստանում էր եւ մասնակցել է «Կարոտ» կինոփառատոնին:

Ի՞նչ էիք սպասում Հայաստան այցելությունից եւ որքանո՞վ Ձեր սպասումներն արդարացան:

Մամուլի ասուլիսում ես ասացի, որ Հայաստանը բացառիկ աշխարհագրությամբ երկիր է: Ես կարծում եմ, որ մարդիկ, հայերը, որոնց ես գիտեմ, պետք է անպայման այցելեն ու տեսնեն իրենց հայրենիքը, քանի որ այն իսկապես հրաշալի երկիր է: Եւ դեռ ես ամբողջը չեմ տեսել: Ես կցանկանայի վերադառնալ, որպեսզի տեսնեի Սեւանա լիճը, ես այն տեսել եմ միայն լուսանկարներով: Ես հիմարություններ չեմ սիրում, ես սիրում եմ համբերատար ու գեղեցիկ մարդկանց: Այն, ինչ ես սիրում եմ կյանքում, դա մարդիկ են:

Նաեւ կանա՞նց:

Այո, նաեւ կանանց:

Դուք բազմաթիվ դերեր եք կատարել կինոյում, բայց կա՞ այնպիսի կերպար կամ պերսոնաժ, որը կցանակայիք խաղալ, բայց առիթ չի եղել:

Ոչ, ես չեմ ցանկանում խաղալ որեւէ դեր, ավելի շուտ ցանկությունը խոսքեր են, որոնք ես կորցրել եմ եւ կրկին գտել դրանք այլոց խոսքերում: Ես իմ կարիերայի հետ կապված պլաններ չունեմ: Ես ասել եմ, որ ամենահետաքրքիրն աշխարհում կյանքն է: Կարծում եմ, որ զբաղվում եմ մի մասնագիտությամբ, որը համապատասխանում է իմ բնույթին, քանի որ ես շատ հետաքրքրասեր եմ: Դա իսկական երջանկություն է, որ ես այսպիսի մասնագիտություն ունեմ:

Իսկ դժվար չէ՞, չկորցնել սեփական կյանքը` երբ խաղում ես այլ մարդկանց կյանքը:

Եթե դու դերասան ես, ապա այո, կարող ես կորցնել, բայց ես դերասան չեմ, ես նորմալ մարդ եմ, ինչպես դու:

Ճանաչված հայերից ո՞ւմ դերը կցանկանայիք խաղալ կինոյում:

Օրինակ, ես կցանկանայի խաղալ սովորական հայի դեր, իմիգրանտի, ով ոչ մի անգամ չի եղել հայրենիքում, ով մի օր վերադառնում է Հայաստան, պատմության միջոցով բացահայտում է իր արմատները, իր հայրենիքի սահմանները:

Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենահրաշալի պահը:

Չգիտեմ: Իմ կյանքում ամեն բան հրաշալի է եղել: Ես թափառաշրջիկի պես եմ, սիրում եմ մարդկանց, սիրում եմ ճանապարհորդել եւ միշտ զարմանում եմ: Ինչը ես չեմ սիրում, դա հիմարություններն են:

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի