Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը 49 տարով երկարաձգելու որոշումը բխում է Երեւանի ազգային շահերից:

«Ռուսական կողմի շահն իր զինված ուժերի զարգացման, իր ռազմավարական շահերի երկարատեւ պլանավորման հնարավորությունն է: Մեր շահագրգռությունը` մեր անվտանգության ապահովման գործում օգնությունն ու աջակցությունն է»,- ուկրաինական «Պրոֆիլ» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, «սա լուրջ գործոն է ռազմական գործողությունները չվերսկսելու, դրանք կանխելու համար եւ լավ հնարավորություն` մեր բանակը ժամանակակից չափանիշներով վերազինելու համար: Ուստի, ես կարծում եմ, որ ժամկետների երկարացումը բխում է մեր ազգային շահերից»:

Հարցին, թե «ինչով է պայմանավորված այդ որոշումը», Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Գիտեք` ես ինքս դա արել եմ հաճույքով: Երեւի շատ անգամ եք լսել, որ ոչ մի պետություն, նույնիսկ ամենահզորն ու ամենամեծը, իսկ առավել եւս` փոքրիկ Հայաստանն ի վիճակի չէ միայնակ ապահովել իր անվտանգությունը: Մենք Ռուսաստանի հետ դաշնակիցներ ենք եւ ռազմավարական գործընկերներ ոչ միայն երկկողմ հիմքով, այլեւ ՀԱՊԿ շրջանակներում: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ կան շատ սպառնալիքներ եւ վտանգներ: Որոշ երկրներ առանձին դեպքերում նույնիսկ կասկածի տակ են առնում հայերի` իրենց պատմական հողում ապրելու իրավունքը: Ելնելով պատմական եւ արդի պատճառներից` մեր տարածաշրջանում մեծ է զինված բախումների հավանականությունը»:

Հիշեցնենք, որ ըստ ստորագրված արձանագրության՝ Հայաստանում ռուսական ռազմակայանները մնալու են 49 տարի նախկին 25-ի փոխարեն: