Երկար տարիների դադարից հետո Վարշավայի հայությունը կարողացել է մասնակցել սեպտեմբերի 12-ին` Խաչվերաց տոնի առթիվ տրվող Սուրբ Պատարագին:

Եթե նախկինում եկեղեցական որեւէ տոնի առթիվ Լեհաստան էին այցելում եւ Սուրբ Պատարագ մատուցում Հայ Առաքելական եկեղեցու հովիվներ հարեւան երկրներից, մասնավորապես Ուկրաինայի Լվով քաղաքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվը, ապա այս անգամ դրա անհրաժեշտություն չի եղել: Պատճառն այն էր, որ 2010/2011 թվ. ուսումնական տարվա շրջանակներում Վարշավայի համալսարանի Արեւելյան Եվրոպայի ինստիտուտի Երիտասարդ գիտնականների համար նախատեսված մեկամյա ծրագրին մասնակցելու հնարավորություն է ստացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան հոգեշնորհ Տ. Տաճատ աբեղա Ծատուրյանը, ով էլ մատուցել է տոնական Սուրբ Պատարագը:

Պատարագը տեղի է ունեցել Վարշավայի Ս. Վասիլյանի եկեղեցում` Միոդովա 16 հասցեում: Պատարագի ավարտից հետո տեղի է ունեցել հանդիպում Հայր Սուրբի հետ: Բարձրացվել են տեղի հայ երիտասարդությանը հուզող բազմաբնույթ հարցեր: