Սիրիահայ փախստականները, որոնց ընդունել է Կանադայի Տորոնտո քաղաքը, այն հայերի սերունդներ են, ովքեր 1915թ. փախել էին Թուրքիայից: Այս մասին The Star-ում հրապարակված հոդվածում գրում է Ջո Ֆիորիտոն:
Հեղինակի խոսքով՝ առաջին սիրիացի փախստականները եղել են սիրիահայերը: «Շատ ժամանակ է անհրաժեշտ եղել այստեղ հասնելու համար: Մեկ դար առաջ հայերը փախչում էին ցեղասպանությունից, նրանց մի մասը փախել էր Սիրիա: Դա նշանակում է, որ առաջին փախստականները, որոնց մենք ընդունել ենք, 1915թ. Ցեղասպանությունից փրկվածների սերունդներն են»,- գրում է հեղինակը:
Ֆիորիտոն նշում է, որ սիրիահայերը լավ են հիշում անցյալի սարսափը, քանի որ պատմությունը կրկնվում է:
Ջո Ֆիորիտոն հանդիպել է նոր փախստականների հետ, որոնք պահպանել են սարսափելի հիշողությունները: Դրանցից է Փանոսյանների ընտանիքը:
100 տարի առաջ նրանց նախնիներին հալածել էին Թուրքիայի Քիլիս քաղաքից: Նրանք ոտքով հասել էին Հալեպ: «Հայերից ոմանք մինչեւ հիմա պահպանել են 100 տարի առաջ կորցրած տների բանալիները: Դրանք հիմա թալիսման են եւ հիշողություն: Սակայն բոլորը չեն պահպանել այդ բանալիները: Փանոսյանների ընտանիքի անդամ Մարիան նշում է, որ ոմանք իրենց բանալիները թողել էին քարերի տակ՝ հուսալով մի օր վերադառնալ: Սակայն վերադարձը չկայացավ»,- գրում է հեղինակը:
Ֆիորիտոն Մարիայի եղբորը՝ ատամնաբույժ Մկրտիչ Փանոսյանին խնդրել է պատմել, թե ինչ է արել նա իր բանալիները: «Ես դրանք տվեցի հարեւանին եւ հույս հայտնեցի, որ շուտով կվերադառնամ»: Դուք տեսե՞լ եք Հալեպի լուսանկարները: Նրանք դժվար թե վերադառնան, գրում է հեղինակը:
«Մենք նույն ապրումներն ենք ունեցել, ինչ մեր տատերն ու պապերը, որոնք լքում էին իրենց տները: Նրանք իհարկե ոտքով էին փախչում, տեխնոլոգիաներն են փոխվել, բայց զգացողությունները նույնն են»,- պատմում է Մարիայի քույրը՝ Բեթիի Փանոսյան-Մինասյանը:
Հեղինակը հետաքրքրվել է, թե ինչ են նրանք իրեն հետ բերել, եթե չեն վերցրել տան բանալիները: Բեթթին խոստովանում է. «Ես 20 կգ լուսանկար եմ բերել»: Նրա ամուսինը՝ Հակոբ Մինասյանը, ժպտում է. այդ նա է կրել ճամպրուկները: «Լուսանկարները 27 կգ էին»,- ասում է նա եւ հավելելում, որ բերել է նաեւ իր գործիքները:
Սիրիահայերի երեխաները շատ գեղեցիկ են եւ Տորոնտոյում իրենց զգում են ինչպես տանը, եզրափակում է հեղինակը:





























