Համացանցի դանդաղ աշխատանքը եւ սարսափ ֆիլմերը համանման սթրես են առաջացնում: Շվեդական  Ericsson ընկերության գիտնականների խմբի այդ եզրահանգման մասին հայտնել է AFP գործակալությունը:

Փորձարկման մասնակիցները սմարթֆոնի վրա տեսանյութ են դիտել, իսկ մասնագետներն այդ ընթացքում նրանց մոտ չափել են զարկերակի փոփոխությունները, ուղեղի ակտիվության մակարդակը եւ աչքերի շարժման արագությունը:  Հետազոտողները պարզել են, օրինակ, որ երբ պատկերն  «արգելակում է», հետազոտության մասնակիցների սրտխփոցը մեծանում է միջինը  38 տոկոսով:

Գիտնականները հաշվարկել են, որ տեսանյութի բեռնման 6 վայրկյանով դանդաղումը  մարդու օրգանիզմում նույն հակազդեցությունն է առաջացնում, ինչ սարսափ ֆիլմերի դիտումը կամ էլ մաթեմատիկական հավասարում լուծելը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

«Ահա թե ինչու համացանցային կապի բարձր որակն անհրաժեշտ է կապի օպերատոր հանդիսացող ապրանքանիշի համբավի բարելավման համար», - ընդգծված է ընկերության եռամսյակային զեկույցում (Ericsson Mobility Report):

Կամավորների հետ փորձարկումներն իրականացվել են Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, որտեղ բջջային համացանցը սովորաբար առանց խափանումների է աշխատում:  Որոշ հետազոտությունների համաձայն, հենց Դանիայում է աշխարհում բջջային համացանցային կապի ամենամեծ արագությունը. 2014-ին այն միջինը   22,3 մբիթ/վրկ է կազմել:

Ericsson-ը ամբողջ աշխարհում բջջային եւ ֆիքսված կապի հեռահաղորդակցային սարքավորումներ մատակարարող ընկերություն է: Ընկերությունը հիմնադրվել է Շվեդիայում` 1876-ին: