Սանտա-Թերեզիտա (Արգենտինա, Բուենոս-Այրեսի նահանգ) հանգստավայրում հանգստացողները տանջել են ափ նետված երիտասարդ դելֆինին, իսկ հետո թողել են, որ սատկի ավազի վրա, տեղեկացնում է  Lenta-ն` վկայակոչելով The Daily Mail-ին:

Ինչպես գրում է պարբերականը, կաթնասունի շուրջն անբանների խումբ է հավաքվել, մարդիկ դելֆինի հետ սելֆիներ են արել, քաշքշել են, քարշ են տվել լողափով, որպես ավար: Կենդանին սատկել է ջրազրկման հետեւանքով: Երբ ծովի բնակիչը սատկել է, առանձին հանգստացողներ, չհասկանալով, թե ինչ է տեղի ունեցել, շարունակել են լուսանկարել դելֆինին: 

Միջադեպն անհանգստացրել է տեղի կենդանիների պաշտպանության   Wildlife Foundation in Argentina կազմակերպությանը: Նրա ներկայացուցիչները պատմել են, որ սատկած կենդանին ֆրանցիսկյան դելֆինների տեսակին էր պատկանում: 

«Այդ դելֆինները, ինչպես եւ մնացած բոլորը, չեն կարող երկար մնալ ցամաքում: Նրանք հաստ, ճարպոտ մաշկ ունեն, որը թույլ է տալիս չմրսել ծովում:  Դա նշանակում է, որ ջրից դուրս նրանք ջրազրկվում են եւ սատկում», — պարզաբանել են Wildlife Foundation in Argentina կազմակերպությունում: Մասնագետները բոլորին, ովքեր ցամաք նետված դելֆին են հայտնաբերում, կոչ են արել նրանց անմիջապես վերադարձնել իրենց կենսական միջավայր: