Այսօր ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, Ամենայն հայոց կաթողիկոսը, Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը, ՀՀ կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի (ԱՄՆՄԶԳ), Հայ օգնության ֆոնդի և Հայ Ջրմուղ ընկերության ներկայացուցիչները Քաղցրաշեն գյուղի բնակիչների հետ նշեցին 3.16 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ԱՄՆ ՄԶԳ Արտաշատի ջրամատակարարման ծրագրի հաջող ավարտը:
Այսուհետ շնորհիվ Գառնու աղբյուրների ավելացված իքնահոս ջրի, որը կկուտակվի նոր և վերանորոգված ջրամբարներում և կբաշխվի նոր ջրատար ցանցերով, Արտաշատ քաղաքի և մերձակա 27 գյուղերի բնակիչները կունենան որակյալ խմելու ջրի զգալիորեն բարելավված մատակարարում: Ծրագիրը նաև խթանել է էլեկտրաէներգիայի օգտագործման նվազեցմանը` վերացնելով Արտաշատի շրջակայքում գտնվող ջրհորներից պոմպերով ջուր հանելու պահանջը:
Նշենք, որ երկամյա այս ծրագիրը ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի ամենամեծ կապիտալ ներդրումային նախաձեռնությունն է: Ծրագիրը մեկնարկել է 2007թ. մայիսին և ներառել մոտ 50 կիլոմետր երկարությամբ նոր ջրատարների և բաշխիչ ցանցերի տեղադրում, 4000 խորանարդ մետր տարողությամբ նոր ջրամբարի շինարարություն և երկու գոյություն ունեցող ջրամբարների վերանորոգում:




























