Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փետրվարի 17-ին մեղադրանք է առաջադրվել զորամասի հետախուզական վաշտի հրամանատարին՝  մարտական հերթապահության կանոնները խախտելու համար, որը պատճառել է ծանր հեեւանքներ:

2015 թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Աղասի Արսենի Գրիգորյանը եւ Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը: Հրազենային վիրավորումներ են ստացել եւ զինվորական հոսպիտալ տեղափոխվել մի քանի զինծառայող։

Երկրորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ կազմակերպված խմբի կողմից, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու նպատակով, ապօրինաբար երկու եւ ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու, երկու եւ ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:

Քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Նախաքննությամբ պարզվել է, որ հետախուզական վաշտի հրամանատար, կոչումով կապիտանը 11.12.2015 թվականից նշանակվել է զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի թիկունքում՝ որպես ավագ, որի ընթացքում խախտել է մարտական հերթապահության կրման կանոնները։

Նախնական քննության տվյալներով՝ կապիտանը դրսեւորել է անգործություն, չի իրականացրել եւ կազմակերպել դարանակալմանն ուղղված անհրաժեշտ գործողություններ, ու դեկտեմբերի 17-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, հավելյալ տեղեկանալով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման վերաբերյալ՝ շարունակել է նույն վարքագիծը, որպիսի պայմաններում դեկտեմբերի 18-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբն անարգել ներթափանցել է նշված դիրքի թիկունք ու հարձակման ենթարկել զինծառայողներին, ինչի հետեւանքով առաջացել են ծանր հետեւանքներ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ կապիտանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որը պատճառել է ծանր հեեւանքներ)։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։