Պաշտոնական տեղեկագրի տպագրությունը ձեռնտու է միայն հրատարակող ընկերությանը, NEWS.am-ին ասաց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը։ Նրա խոսքով՝ ցանկացած օրենսդրական ակտի կարելի է ծանոթանալ ինտերնետի միջոցով, իսկ այն գումարները, որ տրամադրվում են տեղեկագրերի հրատարակման նպատակով՝ կարելի է օգտագործել ավելի արդյունավետ։ Նախարարը դժվարացավ ասել, թե տարեկան որքան գումար է հատկացվում պաշտոնական տեղեկագրերի հրատարկմանը, քանի որ դրա համար գումարները հատկացվում են պահուստային ֆոնդից՝ ըստ առանձին որոշումների։ Օրինակ՝ կառավարության վերջին նիստում պահուստային ֆոնդից, արդարադատության նախարարի պահանջով, հատկացվել է 100 մլն դրամ (270 հազ. դոլար)։ Նշենք, որ պաշտոնական տեղեկագրերն անվճար բաշխվում են պետական գերատեսչություններին, իսկ մի մասը բավական թանկ գներով վաճառվում է Երեւանի գրախանութներում։ Ըստ Գ. Դանիելյանի՝ գերատեսչական գրադարաններին 5-ական օրինակը բավական է, բայց որպես կանոն նրանք 20 օրինակի հայտ են ներկայացնում։
Նշենք, որ պաշտոնական տեղեկագրերը հրատարակում է «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ն։ Ընկերության տնօրեն Սուսաննա Գրիգորյանը NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում հրաժարվեց մեկնաբանել նախարարի հայտարարությունը, սակայն տեղեկացրեց, որ տեղեկագրերը հրապարակվում են 400-ական տպաքանակով։




























