Կառավարությունը ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեության կազմակերպության հետ համատեղ պայմանագրով, մեր հանրապետությունում սպանդանոցների կառուցման ծրագիր է սկսել։ Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը։

Նրա խոսքով, ծրագրի առաջին փուլով նախատեսվում է կառուցել 4-5 սպանդանոց, ինչից հետո սպանդանոցներ կկառուցվեն նաեւ հանրապետության մարզերում։ «Ըստ գործող օրենսդրության՝ միս-մսամթերքը պետք է ստացվի միայն սպանդանոցներում, այսինքն՝ կենդանիները պետք է մորթվեն բացառապես սպանդանոցներում, միսը պետք է լաբորատոր զննություն անցնի եւ միայն համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում մուտք գործի շուկա։ Այնինչ Հայաստանում սպանդանոցների բացակայության պայմաններում մորթն իրականացվում է բակային պայմաններում՝ իր բոլոր վտանգավոր հետեւանքներով»,- ամփոփեց Գրիշա Բաղյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ մինչ սպանդանոցներ կառուցումը մսամթերքի որակի վերահսկողության հարցով զբաղվել եւ զբաղվելու են շուկաներում գործող, մսի փորձաքննության անասնաբուժա-սանիտարական ընկերությունները։