Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը պետք է գրավոր եղանակով հայտնի իր անհանգստությունը Հայաստանի մոնիտորինգի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադի հակահայկական գործունեության կապակցությամբ: Այդ մասին Ազգային Ժողովում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, եվրաինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նա ընդգծել է, թե Հայաստանի հարցով համազեկուցող նշանակվելուց հետո Լինդբլադը պարբերաբար հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հակահայկական հայտարարություններով: «Մի խոսքով, Լինդբլադը իրեն պահել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամի պես»,- նշել է Զոհրաբյանը՝ ափսոսանք հայտնելով, որ ԵԽԽՎ կանոնակարգը թույլ չի տալիս անվստահություն հայտնել համազեկուցողների նկատմամբ, այլապես իրենք այդպես էլ կանեին: «Մենք չենք ցանկանում, որ համազեկուցող նշանակվի հայամետ գործիչ, մենք օբյեկտիվ գործիչ ենք ուզում, ով իսկապես վեր կհանի հանրապետությունում առկա խնդիրները»,- ասել է Զոհրաբյանը: