Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն հայտնել է, որ շարունակում է իրեն ռուսաստանցի համարել:
Լրատվամիջոցները հունվարին հայտնել էին, որ ֆրանսիացի դերասանը վաճառել է Ռուսաստանում իր ունեցվածքը եւ տեղափոխվել է Բելգիայում ապրելու: Սակայն դերասանի պրոդյուսեր Առնո Ֆրիլեն լրագրողներին հավատացրել է, որ այդ մասին առայժմ խոսք չկա եւ Դեպարդիեն նախատեսել է ՌԴ գալ ապրիլի վերջին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես ինձ շատ եմ ռուսաստանցի զգում, նույնիսկ արտասահմանում: Ինչպես կարելի է իրեն պակաս ռուսաստանցի, քան ֆրանսիացի զգալ այնպիսի նախագահով, որ մենք ունենք Ֆրանսիայում» — դերասանի խոսքերն է մեջբերում լրատվական 7sur7 պորտալը:
Դեպարդիեն ռուսական անձնագիր էր ստացել 2013-ին, սակայն պահպանել էր ֆրանսիական քաղաքացիությունը: Հետագայում դերասանը, որը ներկայումս ՌԴ սահմաններից դուրս է ապրում, մշտական գրանցում ստացավ Մորդովիայի մայրաքաղաք Սարանսկում:





























